Նոր Զելանդիայի տնտեսությունն ամենամեծ եռամսյակային անկումն է արձանագրել 1987 թվականից ի վեր

Armenpress 09:49, 17 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ տարվա հունիսի վերջին 12,2 տոկոսով կրճատվել Է համավարակի բացասական ազդեցության պատճառով: Ինչպես սեպտեմբերի 17-ին հաղորդել Է Վիճակագրության պետական բյուրոն, որը հրապարակել Է 2020 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը, այդ անկումը դարձել Է ամենազգալին ավելի քան 30 տարվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բյուրոյի տվյալներով՝ երկրի տնտեսությունն անկման շրջան Է մտել մարտին, սակայն այն ժամանակ Նոր Զելանդիայի համախառն ներքին արդյունքը կրճատվել Է սոսկ 1,4 տոկոսով: «Համախառն ներքին արդյունքը 12,2 տոկոսով նվազել Է 2020 թվականի հունիսին, ինչը դարձել Է ամենամեծ եռամսյակային անկումը, որն արձանագրվել Է 1987 թվականից ի վեր»,- նշված Է գերատեսչության հայտարարության մեջ:

Ազգային տվյալների առաջատար մասնագետ Փոլ Փեսքոուի խոսքով՝ ՀՆԱ-ի այդ կրճատումը նաեւ դարձել Է «ամենամեծը Նոր Զելանդիայի պատմության մեջ»: Գերատեսչությունում հայտնել են, որ COVID-19-ի համավարակի բացասական տնտեսական հետեւանքների պատճառով զգալի անկում Է արձանագրվել երկրի տնտեսության գործնականում բոլոր ճյուղերում:

Ընդհանուր սպառողական ծախսերը նվազել են ավելի քան 25 տոկոսով, իսկ արտադրության ընդհանուր մակարդակը՝ 21,1 տոկոսով: Գործազրկության մակարդակը կազմել Է 4 տոկոս՝ երկրորդ եռամսյակում նվազելով 0,2 կետով: Տեխնիկական ռեցեսիան՝ ՀՆԱ-ի երկու եռամսյակային նվազումը, նախկինում Նոր Զելանդիայում նշվել Է 2009 թվականին, երբ երկրի տնտեսությունը 0,1 տոկոսով կրճատվել Էր առաջին եռամսյակում եւ 1 տոկոսով՝ երկրորդ եռամսյակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am