Ոստիկանները բացահայտել են նախկինում ՏՄՊՊ հանձնաժողովում կատարված ապօրինություններ

Armenpress 21:33, 15 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում նախկինում կատարված հանցագործության դեպք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստվել են նյութեր, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակից պաշտոնատար անձինք մի շարք ընկերությունների օգտին կատարել են գործողություններ` ելնելով անձնական շահագրգռվածությունից, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես, 2017 թվականի օգոստոսի 8-ին «Ստանդարտ դիալոգ» ընկերության տրամադրած` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող փորձարկման արձանագրությունների համապատասխան սյունակներում ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատակիցները կեղծել են արտադրանքը սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու վերաբերյալ տվյալները: Կեղծիքի հետևանքով կաթնամթերք արտադրող 12 ընկերություն չի ենթարկվել օրենքով նախատեսված` տարեկան շրջանառության մեկ տոկոսի չափով վարչական պատասխանատվության, ինչը կազմել է ընդհանուր մոտ 155 միլիոն դրամ: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Ստացվել են նաև փաստական այլ տվյալներ:

ՏՄՊՊ հանձնաժողովի պաշտոնատար անձինք, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2015-2017 թվականներին երկու անձի հրամանագրել են փորձագետի և մասնագետի հաստիքներում` նրանցից մեկին ապօրինի հատկացնելով հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Տոյոտա» մակնիշի մեքենա: Նշված անձինք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ և պարգևավճար: Մեքենան էլ չի օգտագործվել հանձնաժողովի կարիքների համար, բայց այդ ընթացքում դուրս է գրվել 9113 լիտր վառելիք: Այսպիսով, յուրացման և վատնելու միջոցով հափշտակվել է ավելի քան 12 միլիոն դրամ:

Դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am