Թբիլիսիում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Armenpress 18:59, 4 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենտրոնում գտնվող Մեծ համերգասրահի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։

«Մենք լսեցինք բարձր պայթյունը, թե ինչ է տեղի ունեցել, դեռ չգիտենք։ Անմիջապես ոստիկաններ են եկել», - այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի ականատեսը։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական բրիգադներ, քրեագետներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Պարեկային ոստիկանությունից գործակալությանը հայտնել են, որ արտակարգ պատահարի պատճառը, ենթադրաբար, թթվածնային բալոնի պայթյունն է եղել: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել «Դեժավյու» ակումբում:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am