Ստեփան Ստեփանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

Armenpress 11:14, 4 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ստեփան Ստեփանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը՝ խորհրդարանում  փոխարինելով Մանե Թանդիլյանին, որը վաղաժամ դադարեցրել էր  լիազորությունները: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Ստեփանյանը մանդատը ստանձնեց ԱԺ սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում:

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Մանե Թանդիլյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ հինգ արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ չորս տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ստեփան Ստեփանյանը ԱԺ ամբիոնից երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը:

Դեռ օգոստոսին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական լիազորությունները: 

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am