Խաղաղությունը պարտադրվելու է բանակի հզորացմամբ. Արցախի նախագահ

Armenpress 16:45, 2 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման և բանակի հզորացման համար ֆինանսներ չեն տնտեսվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պաշտպանության ոլորտում մենք որդեգրել ենք «Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված հայրենիք» սկզբունքը: Այս սկզբունքի կյանքի կոչման նպատակով անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման, բանակի մարտունակության մակարդակի հետևողական բարձրացման ուղղությամբ: Անվտանգության ապահովման և բանակի համար ֆինանսներ չեն տնտեսվի»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց, որ հակառակորդին խաղաղությունը պարտադրվելու է բանակի հզորացմամբ, իսկ ժամանակակից զինտեխնիկայով և սպառազինությամբ բանակի համալրումը լինելու է շարունակական:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am