Ձերբակալված Աշոտ Հովսեփյանի տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր անհայտ ծագման օղի

Armenpress 18:31, 1 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանությունը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

Արմավիրում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից 11 մահվան դեպք է արձանագրվել, 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279­-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am