Վանաձորի 7-րդ և Երևանի 153-րդ համարի դպրոցները վերակառուցվել են

Armenpress 17:42, 1 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի դռները կբացեն Վանաձորի 7-րդ և Երևանի  153-րդ համարի վերակառուցված դպրոցները, որոնք նախատեսված են համապատասխանաբար 300 և 648 աշակերտի համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից:

«Սեյսմակայունության ապահովումը ծրագրի գերխնդիրն է. սա անտեսանելի, բայց ամենակարևոր առավելությունն է, իսկ տեսանելին հարմարավետությունն է, որ կարևոր է ՝ լիարժեք հարմարավետ` նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Լուսավոր դասասենյակներ, հարմարավետ մարզադահլիճ ու միջոցառումների սրահ, վերելակ ու կահույք: Դպրոցներում ամեն բան նոր  է:

Մյուս դպրոցների կառուցումն ու վերակառուցումը սպասեցնել չի տա։ Այսօրվա դրությամբ ևս երեք դպրոցի շինարարությունն ավարտվել է, ընթանում են շահագործման հանձնելու աշխատանքները, մեկի շինարարությունը կավարտվի այս տարի, վեց դպրոց կառուցման փուլում է, երկուսի մրցույթները կայացել են, ամփոփվում են արդյունքները, մեկի կառուցման համար մրցույթ է հայտարարվել, քսան դպրոցի կառուցման համար էլ իրականացվում են նախագծման աշխատանքներ: Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը ենթադրում է մոտ քսան հազար դպրոցականի անվտանգ կրթության ապահովում։ Ընդհանուր բյուջեն կազմում է 107 միլիոն դոլար, որից 20 տոկոսը կառավարության ներդրումն է, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ստացված վարկային միջոցներ են:

Շնորհավոր գիտելիքի օր, բարի ընթացք ու արդյունավետ ուսումնական տարի ենք մաղթում աշակերտներին և կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am