Պռոշյան կոնյակի գործարանի մասնաճյուղում իրավիճակը վերահսկելի է. ԱԻՆ ներկայացուցիչ

Armenpress 16:24, 1 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիր գյուղի Պռոշյան կոնյակի գործարանի մասնաճյուղում նախնական տվյաներով պայթել է գինու 30 տոննանոց տարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարական վարչության պետ, գնդապետ Հովհաննես Մարգարյանը:

«Կանխվել է հրդեհի տարածումը և հետագա պայթյունը հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Իրավիճակը վերահսկելի է, վտանգներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին»,- ասաց Մարգարյանը:

ԱԻՆ ներկայացուցիչը դեռ չի կարող ասել, թե ինչն է պայթյունի պատճառ հանդիսացել:

«Այս պահին ընթանում է նախաքննություն, քննությամբ կպարզվեն դեպքի հանգամանքները»,- ասաց Մարգարյանը:

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ տեղի ունեցել պայթյուն և հրդեհ  Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում: Տեղի ունեցած հրդեհի հետևանքով 2 մարդ զոհվել է, 4 պացիենտներ տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am