Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգողին

Armenpress 19:37, 31 Օգոստոս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը Արթուր Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է հանդես գալ որպես միասնական հարթակ՝ համախմբված կերպով ներկայացնելու հայ փախստականների խնդիրներն ու աջակցել տարբեր հարթակներում նրանց իրավունքների և շահերի առաջմղմանը։ Մասիս Մայիլյանը կարևորել է համակարգված ջանքերի անհրաժեշտությունը հատկապես Ադրբեջանից հայ փախստականների և Արցախի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց միջազգային պաշտպանության և միջազգային աջակցության ապահովման գործում` ընդգծելով, որ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am