Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշոտ Երկաթի ամրոց՝ Մանթաշաբերդ

Armenpress 16:04, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդի առաջին օրն այցելել է Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոց՝ Մանթաշաբերդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա տեղեկացրեց «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերի միջոցով:

«Աշոտ Երկաթի բերդը գտնվում է Իջևանից մոտ 7 կմ հեռավորության վրա: Այստեղ բերդի ավերակներն են մնացել: Խորհուրդ եմ տալիս անպայման այցելել, սակայն դրանից առաջ անպայման համացանցում կարդացեք Մանթաշաբերդի, Աշոտ Երկաթի մասին, Հայոց պատմությանը ծանոթացեք: Մենք պետք է իմանանք մեր պատմությունը և ճանաչենք ու զարգացնենք մեր հայրենիքը»,- նշեց Փաշինյանը:

Նա տեսանյութում ցույց տվեց քաղաքացիներին, թե ինչ գեղեցիկ տեսարան է բացվում:

Մանթաշաբերդը ռազմական կառույց է եղել և գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքից 7 կմ հարավ, Աղստև գետի աջ ափի անտառապատ լեռան գագաթին: Շրջապատված է լայն, բրգավոր պարիսպներով։ Պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում կլինի օգոստոսի 31-ից սեպտեմբերի  4-ը:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am