Կապառոսը մեկնաբանել է Մխիթարյանի` հավաքականին չմիանալու մասին լուրը

Armenpress 12:54, 27 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է, թե ինչու հավաքական չի հրավիրվել ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Ինձ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը («Սևիլիայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100­տոկոսանոց նվիրումով:

Խոսել եմ նաև Գևորգ Ղազարյանի հետ: Նա նշեց, որ մկանային վնասվածք ունի, թիմի մարզումային գործընթացին չի մասնակցել: Սարգիս Ադամյանը նույնպես նոր է ապաքինվել վնասվածքից և վերականգնման փուլում է: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել և երկու ֆուտբոլիստներին էլ չհրավիրել մոտակա հավաքին: 

Նորեկներին հրավիրել ենք՝ ելնելով նրանց ցուցադրած խաղից: Բազմաթիվ հանդիպումներ ենք դիտել ինչպես մարզադաշտերում, այնպես էլ տեսանյութերով: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն այս պահին իրենց դիրքերում լավագույններն են և շատ մրցունակ են: Խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ և ծանոթ եմ բոլորի կարողություններին:

Մենք անընդհատ կապի մեջ ենք նաև Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ և այս պահին ունենք 60 ֆուտբոլիստից բաղկացած թեկնածուների ցուցակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ թիմերի մեկնարկային կազմում 2 հայ ֆուտբոլիստ ընդգրկելու որոշումը նույպես շատ կարճ ժամկետում կտա իր պտուղները: Կարծում եմ, որ, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, հրապարակված ցուցակն ամենօպտիմալն է, որ կարող էր լինել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am