Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» ARMY-2020 միջազգային մրցույթի «Պրոֆեսիոնալ» փուլը

Armenpress 17:12, 25 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ ուսումնական կենտրոնի բարձրլեռնային հրաձգարանում «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում օգոստոսի 25-ին մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Պրոֆեսիոնալ» ռազմամարզական փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Մասնակիցները կատարել են մարտական պատրաստության համալիր վարժանքներ. վիճակահանության միջոցով զինծառայողները երկու հոգով զենքով և հանդերձանքով մրցել են՝ 19 խոչընդոտով գոտին հաղթահարելու համար: Թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի թիմը, երկրորդ տեղում է՝ Բելառուսի, երրորդում՝ Հայաստանի թիմերը: Անհատական հաշվարկում Ռուսաստանի թիմը տղամարդկանց շրջանում նվաճել է երկրորդ և երրորդ տեղերը, իսկ կանանց շրջանում լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան զբաղեցրել է առաջին տեղը:

«Պրոֆեսիոնալ» փուլում մրցումների մասնակիցների համար հաջորդ փորձությունները՝ ռազմաբժշկական համալիրի և տեղանքում կողմնորոշվելու նորմատիվների հանձնմամբ, տեղի կունենան օգոստոսի 26-27-ը Իջևանի մարզադաշտում և լեռնային զորավարժարանում:

Միջազգային մրցույթն անցկացվում է ամեն տարի 2009 թվականից ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան: 2018 թվականից սկսած՝ միջոցառումն ընդգրկված է Բանակային միջազգային խաղերի մրցումների ցանկում, ինչն էլ թույլ է տվել ընդլայնել մասնակիցների աշխարհագրական ընդգրկումը։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է նաև Հունաստանը:

«Խաղաղության մարտիկ» զինծառայողների մասնագիտական վարպետության մրցույթին մասնակցում են թիմեր Հայաստանից, Բելառուսից, Հունաստանից և Ռուսաստանից: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։

Մրցույթն անց է կացվում բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը։

Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը: «Միջազգային բանակային խաղեր»-ի հանդիսավոր բացման արարողությունը նույնպես տեղի է ունեցել օգոսոտսի 23-ին: Խաղերն անցկացվելու են Կոստրոմայում, Սարատովում, Պենզայում և Բրեստում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am