Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 139 նոր դեպք․ ապաքինվել է 214, մահացել 8 քաղաքացի

Armenpress 11:11, 22 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42616 դեպք, որոնցից 35907-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5605 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1494 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 193693 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 139 նոր դեպք և 214 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 850 (ավելացել է ևս 8-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 55 տարեկան տղամարդ և 61, 81 տարեկան կանայք: Բոլորն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 254 է:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am