ՀՀ ԳԱԱ-ն ցավակցական նամակ է հղել Բորիս Պատոնի մահվան կապակցությամբ

Armenpress 15:37, 20 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ցավակցական նամակ է հղել Ուկրաինայի ԳԱԱ նախագահ Բորիս Պատոնի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ նախագահությունը և Հայաստանի ողջ գիտական հասարակությունը խորապես սգում են Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ գիտնական Բորիս Եվգենիի Պատոնի մահը: Ակադեմիկոս Բորիս Պատոնի գիտական և գիտակազմակերպական գործունեությունը համաշխարհային ճանաչում է ստացել: Նա զգալի ներդրում ունի մետալուրգիայի զարգացման գործում, նրա անմիջական ղեկավարությամբ իրականացվել են խոշոր ծրագրեր: Հնարավոր չէ գերագնահատել ակադեմիկոս Բորիս Պատոնի մեծ ներդրումը Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի զարգացման մեջ: Նրա հեղինակությունը և ջանքերը որոշիչ դեր խաղացին Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կայացման և գործունեության ծավալման հարցում՝ ծանրակշիռ ներդրում ունենալով ետխորհրդային տարածաշրջանում գիտության պահպանման և զարգացման գործում: Ակադեմիկոս Բորիս Պատոնն անվիճելի ներդրում ունի Ուկրաինայի և Հայաստանի գիտական կոլեկտիվների միջև կապերի ամրապնդման գործում: Երկարամյա ընկերությունը միավորել էր ակադեմիկոս Պատոնին և ՀՀ ԳԱԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանին: Բորիս Պատոնը ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ էր և պարգևատրվել է Հայաստանի ազգային բարձրագույն՝ Անանիա Շիրակացու անվան մեդալով, ով միջնադարյան հայ առաջատար գիտնական էր: Հարգելի՛ գործընկերներ, ընդունեք մեր անկեղծ ցավակցությունը: Ակադեմիկոս Բորիս Պատոնի հիշատակը հավերժ կմնա հայ գիտնականների սրտերում և մտքերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 19-ին 102 տարեկանում կյանքից հեռացել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Բորիս Պատոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am