ՀՀ դեսպանը Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Armenpress 22:14, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեին (Inese Lībiņa-Egnere): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ի՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության էջից։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ այդ համատքեստում ընդգծելով նաև խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը: Կողմերը վերահաստատեցին երկկողմ պատրատասկամությունը շարունակելու ջանքերը տարբեր մակարդակներում առկա երկխոսության դինամիկայի պահպանման ուղղությամբ:

ՀՀ դեսպանը և Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձան նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի: Զրուցակցի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ս․թ․ հուլիսի 12-ից սկսած ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված ագրեսիան, որի ժամանակ թիրախավորվել է նաև խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից ՀՀ Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալլ հայտարարությունը՝ դեսպան Մկրտչյանը դա որակեց որպես պետական և միջուկային ահաբեկչության սպառնալիքի ուղղակի դրսևորում, որն արժանի է ամենախիստ գնահատականի։

Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեն ընդգծեց ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am