Արարատի մարզում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել

Armenpress 16:05, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը: Նշեմ, որ կինը անձնական հայացքներից ելնելով՝ չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն»,- գրել է Նիկողոսյանը:

Նախարարի մամուլի խոսնակը նշել է, որ 2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է` կրկին ոչ մանկաբարձական պատճառով:

Առողջապահության նախարարությունը կոչ է անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի` անցանկալի և, երբեմն, աղետալի հետևանքներից խուսափելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am