Գնահատվում են Լիբանանից ՀՀ վերադարձող քաղաքացիների կարիքները. Նիկոլ Փաշինյան

Armenpress 10:14, 12 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում Բեյրութում անօթեւան մնացած եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։ Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։ ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթևան մնացած եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։ Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար եւ անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Հայաստանի Հանրապետությունից Լիբանանի կառավարությանն ուղղված հումանիտար օգնության պարագաներով արդեն երրորդ օդանավը Բեյրութում է: Լիբանան է ուղարկվել ավելի քան 12 տոննա հումանիտար օգնությունն՝ սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկադեղորայք: Լիբանան ուղարկվող օգնության պարագաներն ընտրվել են, ըստ ընդունող կողմի ներկայացրած կարիքների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am