ԲԸՏՄ-ն մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չի հայտնաբերել

Armenpress 21:29, 11 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ շարունակում է ՀՀ պարետի որոշումների նկատմամբ վերահսկողական գործառույթները բացօթյա հանգստի գոտիներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, oգոստոսի 11-ին տեսուչները կրկնայցով եղել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճի հարակից տարածքում: Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը կատարել են հակահամաճարակային կանոնների պարտադիր պահպանման վերաբերյալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, դիմակը սխալ կրող քաղաքացիներին զգուշացրել և տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։

Վերջին օրերին մայրաքաղաքի զբոսայգիների դիտարկումների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, ցուցանիշների նվազման դրական դինամիկան պահպանվում է։

«ԲԸՏՄ-ն  հորդորում է չթուլացնել զգոնությունը։ Ամենօրյա խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am