Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին

Armenpress 11:48, 11 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել ֆրանկոֆոն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և կազմակերպության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղիների շուրջ:

Այդ համատեքստում նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Մուշիկիվաբոն անդարադարձել են Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով Լիբանանում ստեղծված աղետալի դրությանը և Լիբանանին հումանիտար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերին:

Ներկայացնելով Հայաստանի կառավարության կողմից Լիբանանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին՝ իրեն պատուհասած ճգնաժամի հաղթահարման և օրհասական իրադրությունից պատվով դուրս գալու գործում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am