Տեղի է ունեցել Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքի նախագծի հանրային առցանց քննարկում

Armenpress 15:08, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հեռավար աշխատանքային քննարկում է ունեցել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրային քննարկումը կազմակերպվել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից, որին մասնակցում էին պատգամավորներ ԱԺ բոլոր խմբակցություններից, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և օրենքի նախագծի շրջանակում շահառու հանդիսացող քաղաքացիներ:

Փոխնախարար Գրիգորյանն իր խոսքում, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է աշխատանքային քննարկման օրակարգը՝ միաժամանակ նշելով, որ հանրային քննարկման ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք ամփոփվում են և այս հանդիպումը ևս միտված է Նախագծի հետագա բարեփոխմանը:

Այնուհետև, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և Հիմնադրամի փորձագետները ներկայացրել են Նախագծով նախատեսված Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման կարգը և Հանձնաժողովի գործունեության լիազորությունների շրջանակը, որին էլ հաջորդել է հանդիպման մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ դիտարկումների և առաջարկների ներկայացումն ու քննարկումը:

Ամփոփելով՝ փոխնախարար Գրիգորյանը նշել է, որ այս նախագծի շուրջ քննարկումները կլինեն շարունակական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am