Սենոր Հասրաթյանը թողնում է Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը

Armenpress 10:37, 7 Օգոստոս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սենոր Հասրաթյանը իր զեկուցագրի համաձայն թողնում է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սենոր Հասրաթյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Թողնում եմ հպարտությամբ, քանի որ ծառայել եմ մի բանակում, որն իր ստեղծման և կայացման ճանապարհն անցել է մարտական ակտիվ գործողություններում տարած փառավոր հաղթանակներին զուգահեռ և այսօր էլ շարունակում է պատվով կատարել Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:

Հակված եմ կարծելու, որ այն ամենը, ինչ կյանքի է կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում և ռազմատեղեկատվական ոլորտում զբաղված տասնյակ ծառայակիցներիս ազնիվ ու բոլորանվեր աշխատանքի արդյունքում, իր համեստ նպաստն ունի մեր երկրի պաշտպանական համակարգի լիարժեք կենսագործունեության ապահովման գործում: Միաժամանակ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ում հետ այս տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել հարաբերվել մեր մասնագիտական ճակատում:

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել և մեծարանքի խոսքեր հասցեագրել Արցախի զինված ուժերի ղեկավարությունը ստանձնած բոլոր հրամանատարներին, մարտական փայլուն ճանապարհ անցած` գործող և պաշտոնաթող գեներալներին, քանզի նրանցից յուրաքանչյուրին ճանաչել ու հարգել եմ որպես ուրույն բնավորությամբ, մոտեցումներով և թողած մնայուն ժառանգությամբ ռազմական գործիչների:

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բանակի վարչությանն ու ողջ անձնակազմին՝ գիտակցված ու իմաստալից համատեղ ճանապարհ անցնելու համար և ցանկանում ամենալավն ու բարին

Համոզված եմ, որ ինչպես եղել ենք ուժեղ, կանք ուժեղ, այդպես էլ լինելու ենք ուժեղ և հաղթող։ Պատիվ ունեմ»,- գրել է Հասրաթյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am