Ամուլսարի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին 

Armenpress 21:18, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Վայոց Ձորի մարզի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը ցուցարարներին 15 րոպե ժամանակ տվեց  ավտոճանապարհը բացելու համար։

Սակայն մասնակիցները շարունակեցին փակ պահել ճանապարհը, ինչի հետևանքով լարվածություն առաջացավ ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև: 

Արդյունքում ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին։ Բերման ենթարկելու պահին, երբ իրավիճակը լարվեց, քաղաքացիներն իրենց ձեռքերը վեր բարձրացրին՝ որպես խաղաղության նշան։

Ամուլսարում երկրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ հանքի շահագործման: Նախօրեին Ամուլսարի 2-րդ պահակակետում «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղաշարժել ու տարածքից դուրս էին բերել Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչից հետո էլ վերսկսվել են բողոքի ակցիաները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am