Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականից հանդիսանում է ՌԴ քաղաքացի

Armenpress 16:24, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականի հունիսի 20-ից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի»,- նշեց Աբրահամյանը։

Միևնույն ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական հայտնեց, որ ՌԴ գլխավոր դատախազությունից դեռևս չեն ստացվել նրա նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները, և այս պահին դեռևս չեն կարող ասել՝ արդյո՞ք Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի հանդիսանալը հիմք է հանդիսացել հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար։

Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավված Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ՝ առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով և շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչության հատկանիշներով:

Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավված նաև Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար

2020 թվականի մայիսի 27-ին Քննչական կոմիտեն Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարարել էր հետախուզում։ Ավելի ուշ, հուլիսի 30-ին Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզումը, քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի է։

Ռուսաստանի Դաշնության սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am