ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում

Armenpress 14:47, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորների գործուղման մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2020 թվականի օգոստոսի 7-10-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Արմեն Եղիազարյանը»,- ասված է հայտարարության մեջ:

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում առաքելություն կիրականացնի 47 դիտորդ:

Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին: Նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է 5 թեկնածու` Անդրեյ Վլադիմիրովիչ Դմիտրիևը, Աննա Անատոլևնա Կանոպացկայան, Սվետլանա Տիխոնովսկայա Գեորգիևնան, Սերգեյ Վլադիմիրովիչ Չերեչենը և 1994 թվականից Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 6 մլն 844 հազար 932 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am