Իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ. Չոբանյանն այցելել է հրետակոծությունից տուժած գյուղեր

Armenpress 13:29, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է ադրբեջանական հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղեր, որտեղ ակտիվորեն ընթանում են շուրջ 100 վնասված շինությունների վերականգնման աշխատանքները:

«Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, մեկնարկել է նաև Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ: Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  գրել է մարզպետը:

Հայկ Չոբանյանը նշել է, որ շատ ոգևորված և հպարտ է սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ:

Օգոստոսի 12-20-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված լարվածության ընթացքում հակառակորդը թիրախավորել էր նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական շինությունները, վնասվել են մի շարք տներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am