Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

Armenpress 09:53, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական պետական սահմանին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց: Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ: Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ»,-գրել է Ստեփանյանը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ  է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am