Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիներն ավելի շատ են վստահում ԱԺ-ին ու կառավարությանը. հարցում

Armenpress 14:25, 31 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի» «Կովկասյան բարոմետր» 2019թ. հարցման համաձայն՝ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիների շրջանում բարձրացել է օրենսդիր և գործադիր մարմինների նկատմամբ վստահության մակարդակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2019թ. Ազգային ժողովին վստահել է հարցվածների 39%-ը, կառավարությանը՝ 71%-ը:

2017 թվականին կառավարությանը վստահել է հարցման մասնակիցների 20%-ը, իսկ խորհրդարանին՝ 12%-ը:

«Կովկասյան բարոմետրը» Հարավային Կովկասի երկրներում տնային տնտեսությունների տարածաշրջանային հարցում է, որն իրականացվում է 2004թվականից (2004–2010թթ. կոչվել է «Տվյալների նախաձեռնություն»): 2015, 2017 և 2019 թվականներին հարցումներն իրականացվել են միայն Հայաստանում և Վրաստանում։ ՀՌԿԿ տվյալների ազատ հասանելիության սկզբունքին համապատասխան՝ «Կովկասյան բարոմետրի» տվյալադարանները, ինչպես նաև տվյալների առցանց վերլուծության գործիքը ազատորեն հասանելի են հետազոտողների և բոլոր հետաքրքրվողների համար։

«Կովկասյան բարոմետրի» 2019թ. հետազոտությունն իրականացվել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն(ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի»­ կողմից՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։

Հետազոտության արդյունքներն ամփոփվել և հրապարակվել են 2020թ. հուլիսի 30-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am