Բերդ համայնքում Թումո շարժական կենտրոն կկառուցվի

Armenpress 12:06, 30 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Բերդ համայնքում Թումո շարժական կենտրոն կկառուցվի։ Կառավարությունն այդ նպատակով հողամաս ետ վերցրեց Բերդի ավագ դպրոցից ու անհատույց օգտագործման իրավունքով հանձնեց «Սիմոնյան կրթական հիմնադրամին»՝ Թումո շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով։

Գործադիրի նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ սա շատ կարևոր նախագիծ է, որը Թումոն գործարկել է նախորդ տարի։ «Այս նախագծի շրջանակում շարժական կենտրոնների միջոցով Թումոն իրականացնելու է դասընթացների այն մի հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացվում։ Բացի այդ, նախնական քննարկումների արդյունքում պայմանավորվել ենք, որ այդ տարածքները կարող են տրամադրվել նաև ուսուցիչների վերապատրաստումներ իրականացնելու համար։ Սա առաջինն է նման նախագծի մեջ, բայց Թումոն նախատեսում է, որ դրանք իրականացվելու են տարբեր մարզերում։ Շարժական են և մեկ վայրում արդյունավետությունը սպառելուց հետո կարող են տեղափոխվել նաև այլ համայնքներ»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ, նշեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության բոլոր ռազմավարությունների հիմքում կա մի կարևոր բաղադրիչ՝ կրթականը։ «Եվ իմ համոզմունքն այն է, որ ցանկացած ռազմավարության մեջ, այնտեղ, որտեղ չկա կրթական բաղադրիչ, մենք չենք կարող հաջողել։ Թումոյի մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարևոր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am