Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում. USAID

Armenpress 10:17, 30 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում լավ կառավարման գլոբալ ստանդարտի իրականացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «USAID Armenia»-ն «Ֆեսյբուք»  սոցիալական ցանցի իր էջում: Նշվում է, որ վերջերս Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) մասնակից 53 երկրներից  9-րդը, որը ստացել է ամենաբարձր վարկանիշը ԱՃԹՆ-ին անդամակցած երկրների համապատասխանության պահանջները ներկայացնող գլոբալ փաստաթղթի՝ 2016 թվականի ԱՃԹՆ ստանդարտի իրականացման ուղղությամբ:

«2017 թվականին ԱՃԹՆ-ին անդամակցելուց հետո Հայաստանի առաջին վավերացման եզրակացության արդյունքում EITI խորհուրդը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ կառավարության և Բազմաշահառու խմբի՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի համար: Ընդգծվել է թափանցիկության և կառավարման ջանքերում հանքարդյունաբերության հիմնախնդիրները ներառելու, ԱՃԹՆ-ի գործընթացը Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և բարեփոխումների օրակարգում ինտեգրելու և տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը խրախուսելով ՝ կառուցողական երկխոսության նախադեպ ձևավորելու ուղղությամբ ջանքերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանը դարձել է ԱՃԹՆ թեկնածու երկիր 2017թ. մարտին՝ ԱՄՆ կառավարության քաղաքական և տեխնիկական օժանդակությամբ: ԱՄՆ Միզազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ուղիղ օժանդակություն է տրամադրել ՀՀ կառավարությանը` ԱՃԹՆ-ին անդամակցելու Հայաստանի դիմումը դյուրացնելու համար և խթանել է մյուս դոնորների աջակցությունը ԱՃԹՆ ջանքերին: ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայիս օժանդակությունը կենտրոնացած է ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացի վերահսկողություն իրականացնելու՝ քաղաքացիական հասարակության կարողությունների ամրապնդման, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից հանքարդյունաբերության ոլորտի և ԱՃԹՆ գործընթացների լուսաբանման շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am