Մեկնարկում է «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով» աշակերտների համար նախատեսված նախագիծը

Armenpress 12:13, 29 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գրքի, ընթերցանության նկատմամբ սերը մեծացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 13-15 տարեկան աշակերտների համար կանցկացնի «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով» նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաձեռնությունը կարող է նպաստել աշակերտների վերլուծական կարողությունների և քննադատական մտքի զարգացմանը, ձևավորել խոսքային մշակույթ։

Նախագծի շրջանակում աշակերտն իր ընտրությամբ կարդում է հայ կամ համաշխարհային գրականությունից որևէ արձակ ստեղծագործություն և 100-150 բառի շրջանակում ներկայացնում է իր վերլուծությունը գրքի բովանդակության կամ որևէ կերպարի մասին։ Աշխատանքները հրապարակվելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ֆեյսբուքի» պաշտոնական էջում  և պաշտոնական կայքում։

Նախարարությանը հետաքրքիր է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարծիքն ու մեկնաբանությունը գեղարվեստական ստեղծագործությունների մասին։ Նախագծի մասնակիցները իրենց աշխատանքները կարող են ուղարկել prcampaign@escs.am էլեկտրոնային հասցեին` օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում (կից անհրաժեշտ է ներկայացնել աշակերտի անուն-ազգանունը, դասարանը, դպրոցը, մարզը և լուսանկարը)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am