Պաշտպանը Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել

Armenpress 15:17, 28 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանին միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի գույքի վրա դրված կալանքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Ալեքսանյանը նշեց, որ  նախաքննության ընթացքում քննիչի որոշմամբ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել, նշված որոշումը բազմիցս բողոքարկվել է, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել է գույքի վրա կալանք դնելու մասին որոշման դեմ բողոքը, արձանագրել իրավունքների խախտումը, միևնույն ժամանակ չի պարտավորեցրել նախաքննական մարմնին վերացնել այն։  Այժմ դատարանը լսում է դատավարության մյուս կողմերին։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am