Ռուսական թատրոնի դերասաններն առցանց կներկայացնեն հանրահայտ հեղինակների ստեղծագործությունները

Armenpress 15:18, 27 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և Արարատի մարզային գրադարանի համագործակցության արդյունքում թատրոնի դերասաններն օգոստոսի 3-ից սկսած հատուկ գրադարանի ընթերցողների համար առցանց կարդալու են հանրահայտ հեղինակների գործեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Ռուսական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վլադ Մուրադյանը, առցանց նախագծին մասնակցում են ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրա Հարությունյանը, Լիլյա Մուկուչյանը, Անուշ Սարգսյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Արեն Խաչատրյանը, Արման Մեժլումյանը:

Նրանց կատրամամբ կհնչեն Ի. Բրոդսկու, Բ. Ախմադուլինայի, Վ. Վիսոցկու և այլ նշանավոր հեղինակների բանաստեղծություններ: Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսատեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը։ «Համոզված ենք, որ առցանց նախագիծը դուր կգա հանդիսատեսին: Դերասանները ջանք ու եռանդ չեն խնայել՝ հավուր պատշաճի ներկայանալու համար: Նշենք, որ առցանց նախագծերը կլինեն շարունակական, և այսպիսով կպահպանվի կապը հանդիսատեսի հետ: Ընթերցումները հասանելի կլինեն Արարատի մարզային գրադարանի և Ռուսական թատրոնի ֆեյսբուքյան էջերում»,- նշեց Մուրադյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am