800 հազար դոլար՝ «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաքի արդյունքում

Armenpress 13:57, 27 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփել է «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավի արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդյունքների մասին ինֆորմացիան հրապարակվել է հիմնադրամի կայքում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին, այս տարվա մարտի 18-ից նախաձեռնել էր «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավը, որի շրջանակում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված էր առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, ինչպես նաև հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության սերտ համագործակցությամբ։ Հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրվել է 800. 030 ԱՄՆ դոլար, որից 695. 244­ն արդեն ուղղվել է մեծաքանակ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երևանի և մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաև բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։ Հիմնադրամից տեղեկացրել են, որ ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ մեծաքանակ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին։ Մնացյալ գումարը ևս կուղղվի առողջապահական ոլորտի ծրագրերի օժանդակմանը: Հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնել աշխարհի 18 երկրներից միացած ավելի քան 1 000 անհատ նվիրատուներին, աշխարհասփյուռ հայկական համայնքներին, կազմակերպություններին, Հիմնադրամի ողջ ցանցին և բոլոր գործընկերներին՝ վստահության և շարունակական աջակցության համար։ Հիմնադրամն իր կայքում հրապարակել է նաև ֆինանսական հաշվետությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am