ՌԴ օմբուդսմենը պատրաստ է ջանքեր ներդնել հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությունը հարթելու հարցում

Armenpress 20:51, 24 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼՒՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատրաստ է համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանների հետ` հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությունը հարթելու հարցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի մամուլի ծառայությունը։

 «Ես չափազանց անհանգստացած եմ Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև անկարգություններից, որոնք հայտնի են դարձել 2020 թվականի հուլիսի 24-ին ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում», - ասել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը։

Մոսկալկովան նշել է, որ էթնիկ պատկանելության հիմքով ատելություն և ֆիզիկական բռնություն հրահրելը անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ, խաթարում է միջազգային համընդհանուր և տարածաշրջանային գործողություններում ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների հիմքերը և կարող է հանգեցնել դրանց զանգվածային խախտումների և անդառնալի կորուստների:

«Ես հակամարտության բոլոր կողմերին կոչ եմ անում ծագած վեճերը լուծել իրավական մեխանիզմների շրջանակներում, ինչպես նաև պատրաստակամություն եմ հայտնում համագործակցել իմ գործընկերների հետ՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու իրենց հայրենակիցների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու հարցում», - հավելել է Մոսկալկովան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am