ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ 

Armenpress 19:41, 24 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Քննարկվել են համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրները ներկա սրացման համատեքստում։ Ընդգծվել է իրադրության թուլացմանն ու առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման հեռանկարների տեսանկյունից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 12-ից Ադրբեջանը սանձազերծած ագրեսիայով լարվածություն հրահրեց Հայաստանի հետ սահմանին` Տավուշի մարզի ուղղությամբ անգամ հրթիռակոծության ենթարկելով ոչ միայն մարտական դիրքերը, այլև քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությանը։ 

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին մի շարք երկրներում տեղի են ունենում նաև ադրբեջանցիների հարձակումներ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելության հիմքով: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը և նշել, որ այդ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am