ՄԻՊ-ը հայերի վրա ադրբեջանցիների հարձակումների վերաբերյալ միջազգային կառույցներին նամակներ կուղարկի

Armenpress 16:54, 24 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Մարդու իրավունքների պաշտպանը հրավիրել է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մի շարք երկրներում հայերի նկատմամբ էթիկ պատկանելիության հիմքով ադրբեջանցիների հարձակումների և գործողությունների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումներ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով: Այս մասին վկայում են նյութերը (տեսանյութեր, գրառումներ և այլն), որոնք Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմը ստանում է ահազանգերի միջոցով, ինչպես նաև հրապարակային նյութերի դիտարկմամբ:  Դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով ատելության (armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող, արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով»,- նշել է Թաթոյանը:

Նա նաև հայտնել է, որ հարձակումներն ունեն սադրող բնույթ, տեղի են ունենում խմբերով՝ անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց հանկարծակիի բերելով:

Թաթոյանը հրավիրել է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա և հայտնել, որ պետք է անհապաղ կանխել՝ հետագա լարվածություն և վտանգավոր զարգացումներ թույլ չտալու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել ցուցաբերել զգոնություն և չտրվել սարդրանքների: Նա հայտնել է, որ չի կարելի թույլ տալ օրենքով արգելված որևէ արարք, այդ թվում՝ անպաշտպան մարդկանց նկատմամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am