Արտերկրում հայերի նկատմամբ բռնությունն ու սադրանքն ուղղորդում են Ադրբեջանի պետական կառույցները. ԱԳՆ

Armenpress 16:21, 24 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` ավելացնելով, որ ռասիստական բնույթի քայլեր են ձեռնարկվում խոչընդոտելու Հայաստանի առևտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ:

«Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից: Մենք խստորեն դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է և ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման հռետորաբանության և քաղաքականության մեջ: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, նման իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ»,-նշում են ՀՀ ԱԳՆ-ում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am