ՄՕԿ-ը մտածում է օլիմպիական խաղերն առանց հանդիսականի անցկացնելու մասին. Թոմաս Բախ

Armenpress 12:28, 23 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է Տոկիոյի Օլիմպիական խաղերն առանց հանդիսականի անցկացնելու տարբերակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: «Մենք պետք է նախապատրաստվենք Օլիմպիական խաղերի անցկացման տարատեսակ սցենարների: Ոչ մեկը չի ուզում, որ խաղերն անցկացվեն առանց հանդիսականի, սակայն մենք հատուկ քայլերի կգնանք, որ ՕԽ-ն կայանան: ՄՕԿ-ը մտածում է խաղերն առանց հանդիսականի անցկացնելու մասին»,- ասել է Բախը:

Ավելի վաղ լուրեր կային, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում ՕԽ­-ն նորից հետաձգելու հնարավորությունը: Կազմակերպիչները ձգտում են խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը, սակայն եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերը չանցկացվեն ամռանը, ապա, հնարավոր է, որ դրանք ևս մեկ անգամ հետաձգվեն:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am