Կյանքից հեռացել է երգիչ Բորիս Դավիդյանը՝ Բոկան

Armenpress 11:24, 21 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է խորհրդահայ երգիչ, հեղինակ- կատարող Բորիս Դավիդյանը, որը երաժշտասերների լայն շրջանակին ծանոթ է Բոկա կեղծանունով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչի մահվան մասին «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում հայտնել է երգիչ Արա Մարտիրոսյանը:

Բորիս Դավիդյանն առաջին ալբոմը ձայնագրել է 1972 թվականին։ Նա իր երաժիշտ ընկերների հետ հաճախ է ելութ ունեցել տարբեր միջոցառումներում։ 1973-1974 թվականներին Բոկան երգերը ձայնագրել է Թբիլիսիի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում։ Ապրել և ստեղծագործել է նաև Մոսկվայում՝ ձայնագրելով «Доля воровская» ալբոմը։

1996 թվականի սկզբին Բոկան ընտանիքի հետ ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել Մոսկվա, հետո՝ ԱՄՆ:

Բոկան երկար տարիներ ելույթ է ունեցել երաժիշտներ Ալեքսանդր Բաղդասարովի (կլարնետ), Համլետ Գալուստյանի, Սուրեն Քերանյանի (ստեղնաշարերային գործիքներ), Իգոր Սաֆարովի, Գեորգի Ագաբոպովի հետ։

Երգիչը համերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Ավստրիայում և այլ երկրներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am