Աննա Նաղդալյանը մեկնաբանել է բանակցային գործընթացի մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները

Armenpress 11:09, 17 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է խաղաղ բանակցային գործընթացի մասին ադբրեջանական ղեկավարության հայտարարությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աննա Նաղդալյանը պատասխանել է ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հարցին։

Հարց. Ինչպես կմեկնաբանեք ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարությունները: Պատասխան. Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո: Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով: Արդյոք մտադիր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե ոչ, մենք չգիտենք: Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ոչ զարմացնում է, ոչ էլ՝ տպավորում: Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am