Ինչ փոփոխությունների է ենթարկվել ՀՀ ժողովրդագրական պատկերը

Armenpress 23:30, 16 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը ժողովրդագրության պատկերի բարելավմանն ուղղված նոր խրախուսող ծրագրեր է իրականացնում։ Նախորդիվ անդրադարձել էինք ծնելիությանը նպաստող նոր նախագծերին, որոնք վերաբերում էին գյուղական համայնքներում չաշխատող կանանց երեխաների խնամքի նպաստին։

Բացի վերոնշյալից, այս տարվա հուլիսից մեկնարկել է նաեւ ծնելիության խրախուսման մեկ այլ ծրագիր, որի մասին դեռ նախորդ տարվանից էր խոսվում։ Խոսքը վերաբերում է գյուղական բնակավայրերում երիտասարդ ընտանիքների աջակցմանն ուղղված հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կանխավճարի դիմաց դրամական աջակցության գործընթացին։

Միջազգային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ ծրագիրը ենթադրում է պետության կողմից սուբսիդավորում կանխավճարի գումարից։ Եթե ընտանիքում առկա է երկու երեխա, ապա ամուսնական զույգը կկարողանա կանխավճարի աջակցություն ստանալ գնվող բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ, ինչը որոշակիորեն կթեթեւացնի կանխավճարի «մայր գումարը»։

Արտակ Մարկոսյանի տեղեկացմամբ՝ 3 երեխայի դեպքում դրամական աջակցությունը կկազմի 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 1,5 մլն դրամ։ 4 եւ ավելի երեխայի դեպքում սուբսիդավորումը կկազմի 15 տոկոս, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամ։

Քանի որ բանկերը բնակարանի ձեռքբերման համար մշտապես 30 տոկոս կանխավճարի խնդիր են դնում կամ հավելյալ գույքի գրավադրման պահանջ, այն արդեն իսկ դժվարություն է ստեղծում գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքների համար։ Ուստի այս ծրագրով սուբսիդավորումը որոշակիորեն կնպաստի ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու գործընթացին եւ ծնելիության մակարդակի բարձրացմանը։

«Առաջին եռամսյակի տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ ունեինք ոչ այնքան լավ ցուցանիշներ, մոտավորապես 450- ով՝ 3, 2 տոկոսով նվազել էր ծնունդների թիվը»,-նշեց ժողովրդագրագետը՝ վիճակագրական տվյալներ հրապարակելով։ 2020 թ. հունվար- մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունները բացարձակ թվով նվազել են 2071- ով կամ 33,2 տոկոսով։ Սպասվում է, որ համավարակային իրավիճակի բարելավմանը զուգահեռ հետաձգված ամուսնությունները կամ կտեղափոխվեն այս տարվա 3 -րդ եւ 4 -րդ կիսամյակ, կամ հաջորդ տարվա առաջին կիսամյակ։

Այս իրավիճակով պայմանավորված՝ նա սպասելի է համարում, որ հաջորդ տարվա առաջին կիսամյակում կարձանագրվի ծնունդների թվաքանակի նվազում, սակայն ակնկալում է, որ այդ ծնունդները կտեղափոխվեն 2022 թվական։ Ինչ վերաբերում է ժողովրդագրական այլ ցուցանիշներին, ծնունդների թիվը 2020 թ. հունվար- մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,2 տոկոսով կամ 428 -ով։

Նշենք, որ կանխավճարի սուբսիդավորման ծրագրում դիտարկվել է նաեւ կանխավճարի ապահովագրության գործիքակազմ։ Այն կա եւ գործում է «Մատչելի բնակարաններ երիտասարդների համար» ծրագրի տեսքով։ «Այս պարագայում սովորաբար ռիսկը ապահովագրական ընկերությունն է ապահովագրում, սակայն շահառուն հավելյալ գումար է վճարում այդ ընկերությանը։ Որպեսզի իրենք ազատ օգտվեն այս գործիքակազմից, եւ այդ գումարն իրենց համար հավելյալ ֆինանսական բեռ չդառնա, կանխավճարի դիմաց ապահովագրավճարները եւ սպասարկման մինչեւ 90 տոկոսը փոխհատուցելու է պետությունը։ Այսինքն՝ եթե 30 մլն դրամ գույքի արժեքի պարագայում տարեկան ապահովագրավճարը կազմում է 165 000 դրամ, ապա աջակցության նոր գործիքակազմով 150 հազարը փոխհատուցելու է պետությունը»,-ասաց փորձագետը՝ հույս հայտնելով, որ բոլոր ծրագրերը խթանող ազդեցություն կունենան թե ամուսնությունների, թե ծնելիության ցուցանիշի բարձրացման վրա։ Նրա դիտարկմամբ՝ ամուսնական տարիք է մուտք գործում արդեն 1993-ից հետո ծնված սերունդը։

«Եթե 1992-ին ունեինք 70 հազար ծնունդ, ապա 1993 թ. այդ ցուցանիշը նվազել է՝ կազմելով 59 հազար։ 1994 թ. ծնունդների թիվը կազմել է 51 հազար, 2002-ին՝ 32 հազար։ Այսինքն, այս ժամանակահատվածում բացարձակ թիվը նվազել է 60 տոկոսով։ Պետք է բարձրացնել մայրական կազմը եւ մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը»,-ասաց Արտակ Մարկոսյանը։

Համավարակով, ինչպես նաեւ մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին կարանտինի հետեւանքով բավականին ամուսնություններ (պաշտոնապես գրանցում ստացած) հետաձգվել են։ Թեեւ 2020 թ. հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է նաեւ մահերի թիվը՝ 2,1 տոկոսով կամ 248 դեպքով, սակայն բնակչության բնական հավելաճի ցուցանիշը, պայմանավորված ծնունդների թվի ավելի մեծ անկմամբ, նվազել է 180-ով եւ կազմել է 1347 մարդ։

Որքանո՞վ է համավարակն ազդել միգրացիոն ցուցանիշի վրա։ Ըստ Արտակ Մարկոսյանի՝ այս տարի՝ բնականաբար, հիմնական սեզոնային աշխատանքի մեկնողները մնացել են Հայաստանում, եւ նրանցից որոշ մասը ընդգրկվել է ճանապարհաշինական աշխատանքներում։ Եթե 2017 թ. վերջին հարցվողների 35 տոկոսը ցանկություն է հայտնել մեկնելու արտերկիր, ապա վերջին ցուցանիշի համաձայն՝ մեկնել ցանկացողների թիվը նվազել է՝ կազմելով 24 տոկոս։ 2 տարվա կտրվածքով 11 տոկոսով նվազել է մշտապես արտագաղթողների թիվը։

Ժողովրդագրագետի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-մարտին հայկական անձնագրերով ելումուտը դրական է 18 հազարով՝ նախորդ տարվա մոտ 2,5 հազարի համեմատ։ Այսինքն՝ մեկնողները քիչ են եղել, վերադարձողները՝ շատ։ Ինչ վերաբերում է մահացության այս տարվա ցուցանիշներին, ապա առաջին եռամսյակի տվյալներով նախորդ տարվա համեմատ մահացությունը 18 տոկոսով նվազել է։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am