Ադրբեջանը ԱԻՆ մեքենան խոցել է Չինարիի բնակչին օգնություն ցուցաբերելու ժամանակ

Armenpress 22:04, 16 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մանրամասներ ներկայացրեց Չինարի գյուղի բնակչի վիրավորման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մեքենան ԱԹՍ-ով հարվածելու դեպքերից։

«Չինարի բնակչի վիրավորումից հետո արդեն Արտակարգ իրավիճակների նախարարության տրանսպորտային միջոցը մոտեցել էր համապատասխան աջակցություն ցուցաբերելու քաղաքացուն. Ադրբեջանի կողմից թիրախավորվել է նաև ԱԻՆ մեքենան։ Եվ ռմբակոծումը իրականացվել է ԱԹՍ-ի միջոցով։ Չինարիում ունեցանք նման դեպք, այն էլ իրականացվել էր վիրավորին օգնություն ցուցաբերելու ժամանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Չոբանյանը։

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ: Չինարի գյուղի 48-ամյա բնակչի առողջական վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am