«Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը կցուցադրվի վիրտուալ տիրույթում

Armenpress 12:52, 14 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, առցանց կցուցադրի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» մուլտիժանր բալետային ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արվեստասերներն այն կարող են դիտել օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

Ներկայացումը նախաձեռնել և կազմակերպել է «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը», որի տնօրենը Կոնստանտին Իշխանովն է:

Բալետը ներկայացնում է պալատական ծաղրածուներ Միմոսի և Միմոսուհու սիրո պատմությունը։ Գործողությունը ծավալվում է XVIII դարի Սանկտ Պետերբուրգում՝ ռուսական կայսրուհի Աննա Իոանովնայի փոթորկահույզ կառավարման ժամանակաշրջանում։ Աննա Իոանովնան հայտնի էր ճոխ տոնակատարությունների և խելահեղ խրախճանքների հանդեպ մեծ սիրով։  Բալետի սյուժեի հիմքում ընկած է կայսրուհու կառավարման օրոք տեղի ունեցած մի պատմական դրվագ.  նա որոշում է ամուսնացնել ծաղրածուներին Նևայի գետափին կառուցված սառցե դղյակում։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am