Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել COVID-19-ից մահացած անձանց դիերը

Armenpress 16:48, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մարդկանց դիերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ դիահերձարանն, ամենայն հավանականությամբ, կսկսի գործել արդեն հաջորդ ամիս:

«Այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը»,- գրել է Նիկողոսյանը:

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց չհերձել՝ կանխելով վարակի տարածումը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am