Բուժումն ավարտած փոքրիկ Էլենի և ծնողների նախաձեռնությունը

Armenpress 15:49, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու, բուժումն արդեն ավարտած Էլենի ու իր ծնողների նախաձեռնությամբ հիմնադրամի հանգանակության արկղ է տեղադրվել Արտաշատում իրենց պատկանող  խանութում:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Աշխատանքային շաբաթը եզրափակենք հուզիչ նորությամբ․ մեր սիրելի Էլենը, որն արդեն բուժումն ավարտել է և տանն է, շատ էր ուզում աջակցել ներկայումս բուժում ստացող մյուս բալիկներին։ Այսպիսով՝ Էլենը և նրա ծնողները հանդես եկան նախաձեռնությամբ: Արտաշատ քաղաքում գտնվող և իրենց պատկանող խանութում օրեր առաջ տեղադրվել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հանգանակության արկղը, որի մեջ հավաքված ողջ գումարը կփոխանցվի հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակով»,- տեղեկացրել են հիմնադրամից ու շնորհակալություն հայտնել Էլենին և նրա ընտանիքին՝ իրենց ստացած հոգատարությունը այս ձևով վերադարձնելու համար։

 «Ժպիտների քաղաք» («Սիթի օֆ Սմայլ») բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար։ Շահառու կարող են լինել 0-25 տարեկան երեխաներ և երիտասարդներ, որոնք ունեն քաղցկեղի կամ արյան հիվանդության ախտորոշում:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am