Մերկելը հանդիպումներ կանցկացնի Իտալիայի եւ Իսպանիայի վարչապետների հետ

Armenpress 15:17, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Իտալիայի եւ Իսպանիայի վարչապետների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը:

«Մերկելը երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ: Զրուցակիցները կխոսեն կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների, առաջիկա Եվրոպական խորհրդի մասին, ինչպես նաեւ կքննարկեն երկկողմ եւ եվրոպական քաղաքականության հարցեր»,-հայտարարել Է Ֆիցը՝ հանդես գալով հուլիսի 10-ին կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Մերկելը եւ Կոնտեն մամուլի ասուլիս կանցկացնեն Երեւանի ժամանակով մոտավորապես 19:30-ին: Հուլիսի 14-ին Մերկելը հանդիպում կունենա Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ: «Երեքշաբթի օրը Մերկելը Բեռլինում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին կընդունի ընթրիքի: Խոսք կլինի Գերմանիայի նախագահության գերակայությունների մասին, զրույցի կենտրոնում կլինի կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետեւանքների դեմ պայքարը, ինչպես նաեւ կխոսվի Եվրոպական խորհրդին նախապատրաստվելու մասին. բացի այդ, կողմերը կարծիքներ կփոխանակեն երկկողմ հարցերի վերաբերյալ»,-հայտարարել Է Ֆիցը, հավելելով, որ երկու պետությունների կառավարությունների ղեկավարները նաեւ մամուլի ասուլիս կանցկացնեն Երեւանի ժամանակով մոտավորապես 20:30-ին:

Հուլիսի 16-ին Մերկելը կուղեւորվի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին (Եվրոպական խորհուրդ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am