Օրվա զարկերակ

Armenpress 09:00, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1937 թ․հուլիսի 10-ին ծնվել է  Գալյա Նովենցը՝ թատրոնի եւ կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (2007): Հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի կինն է, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի մայրը։

1967 թ․հուլիսի 10-ին ծնվել է Ժիրայր Սեֆիլյանը՝ հայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական գործիչ։ 1996 թ. հուլիսի 10-ին մահացել է Ալեք Մանուկյանը՝ հայ հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1901 թ.): 1915 թ. հուլիսի 10-ին սկսվեց Մուշ քաղաքի եւ նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորածը: 2012 թ. հուլիսի 10-ին թողարկվեց ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի երրորդ պաշտոնական ալբոմը` «Harakiri»-ն: 1870 թ․հուլիսի 10-ին ծնվել է Վարդան Հացունին՝ հայ բանասեր, ազգագրագետ: 1953 թ․հուլիսի 10-ին ծնվել է Փոլ Բաղդադլյանը՝ սփյուռքահայ երգիչ: 1836 թ. հուլիսի 10-ին մահացել է Անդրե Մարի Ամպերը՝ ֆրանսիացի ֆիզիկոս եւ մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից, նրա պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը (ծն. 1755 թ.): 1856 թ. հուլիսի 10-ին ծնվել է Նիկոլա Տեսլան՝ սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար (մահ. 1943 թ.): 1878 թ. հուլիսի 10-ին Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ օգտագործեց: Մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր: 1943 թ. հուլիսի 10-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում իջեցվեց անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ:

 

Հիշարժան փաստեր

 

Աշխարհում գոյություն ունի 129 մլն-ից ավելի գիրք: 2010 թ. «Google»-ը հաշվարկեց ու ներկայացրեց ողջ աշխարհում գոյություն ունեցող գրքերը: Ըստ նրանց տվյալների՝ այդ թվականին կար հրատարակված 129.864.880 գիրք: Արդեն 2018 թ.-ին, հիմնվելով այդ տվյալների վրա, շատ աղբյուրներ հաշվարկեցին ավելի քան 145 մլն գիրք:  Աշխարհի ամենաթանկարժեք գիրքը Լեոնարդո դա Վինչիի 18 էջանոց «Լիսթերի աշխատությունն» է: Այն 1994 թ. վաճառվել է  30,8 մլն դոլարով, ինչն այսօր համարժեք է 52 մլն դոլարին:  «Պաշտոնական» անուն կա գրքի հոտի հանդեպ ունեցած սիրո համար՝ «Բիբլիոզմիա»: Տպագրված ամենաերկար նախադասությունն ընդգրկում է 823 բառ: Ըստ «Barnes and Noble» հրատարակչության՝ այդ նախադասությունը Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» ստեղծագործության մեջ է: Նախկինում գրքի հեղինակի անունը չէին գրում շապիկի վրա: Գրքերի շապիկներն արվեստի գործեր էին համարվում, որոնք զարդանախշերով, նկարներով, կաշվից ու երբեմն էլ ոսկուց էին լինում, եւ այնտեղ հեղինակի անվան համար տեղ չկար: Տպագրիչ մեքենայով գրված առաջին գիրքը հեղինակել է Մարկ Տվենը:  Նա բազմաթիվ նամակներում նշում է, որ այդ գիրքը «Թոմ Սոյերի արկածները» ստեղծագործությունն է, սակայն շատ պատմաբաններ ու կենսագիրներ հավատացած են, որ Մարկ Տվենն առաջին անգամ տպագրիչ մեքենայով գրել է ոչ թե այդ գիրքը, այլ «Կյանքը Միսիսիպիի վրա» ստեղծագործությունը: Նրանք այս եզրակացությունն անում են նրա գրքերի ժամանակագրության պատճառով:  Աշխարհի ամենաշատ ընթերցված 3 գրքերն են «Աստվածաշունչը», «Պետական եւ քաղաքական գործիչ Մաո Ցզե-Դունի մեջբերումները» եւ «Հարի Փոթեր» գրքաշարը:  Աշխարհի ամենաընթերցասեր երկիրն Իսլանդիան է: Գուցե պատճառը ցուրտ եղանակն է կամ գուցե այլ բան, բայց մի բան հստակ է. Իսլանդիայի բնակիչները շատ են սիրում գրքեր կարդալ:  Ամենաառաջին գիրքը, որը երբեւէ նկարագրել են «բեսթսելեր» բառով, Ալիս Բրաունի՝ 1889 թ. հեղինակած «Բնության հիմարներ» ստեղծագործությունն է:  Ամենաերկար վիպաշարը, որ երբեւէ գրվել է ֆրանսիացի հեղինակ Մարսել Փրուսթի «Կորսված ժամանակի փնտրտուքներում» ստեղծագործությունն է: 20-րդ դարի ամենակարեւոր ստեղծագործություններից մեկը համարվող այս գործում կա 9.609.000 տառ: 

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am