Ղրղզստանի վարչապետը հանձնարարել Է արձակուրդներից հետ կանչել բոլոր բուժաշխատողներին

Armenpress 16:02, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը երկրում COVID-19-ի հիվանդացության բռնկման ֆոնին հանձնարարել Է արձակուրդներից հետ կանչել բոլոր բուժաշխատողներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 8-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության կառավարության մամուլի ծառայությունում:

«Անհրաժեշտ Է հետ կանչել այն բոլոր բուժաշխատողներին, որոնք գտնվում են աշխատանքային արձակուրդում: Այս հանձնարարությունը տվել Է Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը՝ հանդես գալով Հանրապետության օպերատիվ շտաբի հերթական նիստում»,-հայտարարել են մամուլի ծառայությունում: Վարչապետի խոսքով՝ համաճարակաբանական իրադրությունը հանրապետությունում պահանջում Է ավելի վճռական գործողություններ: «Հուսով եմ՝ բժիշկները կհասկանան մեր խնդրանքը, եւ մենք նրանց շուտով կտեսնենք աշխատավայրում:

Այժմ հիվանդության պիկը բաժին Է ընկել Բիշքեկ քաղաքին եւ Չույսկի մարզին: Բուժաշխատողները գիշեր ու ցերեկ աշխատում են ծանրագույն պայմաններում, որպեսզի փրկեն մարդկանց կյանքերը: Այս պայքարում օգնելու պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանների բժիշկները, մի կողմ չեն մնացել նաեւ այն բժիշկները, որոնք ապրում են երկրի սահմաններից դուրս: Սակայն տարածաշրջաններում նույնպես ապրում են մարդիկ, որոնք որակյալ բուժօգնության կարիք ունեն:

Ուստի կոչ եմ անում առողջապահության բոլոր աշխատողներին՝ հետ գալ արձակուրդներից եւ ձեռնամուխ լինել աշխատանքի: Այսպես Է պահանջում ներկա իրադրությունը»,-նախարարների կաբինետի ղեկավարի խոսքը մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը: Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Ղրղզստանում հասել Է 8 հազար 486-ի: Մահացել Է 112 մարդ: Ապաքինվել եւ հիվանդանոցներից դուրս Է գրվել 2 հազար 983 պացիենտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am