Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ընդերքի օգտագործման ընթացակարգում

Armenpress 12:25, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն խորհրդարանի հուլիսի 8-ի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:

«Օրինագծով առաջարկվող փոփոխությունները միտված են ընդերքը ռացիոնալ և արդյունավետ օգտագործելու նպատակին: Այսուհետ առաջարկում ենք արդյունահանման թույլտվությունը չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարներն ուսումնասիրված և հաստատված չեն մետաղականի համար՝ վերջին 5 տարվա ընթացքում, իսկ ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում»,- ասաց Շուշանյանը:

Փոխնախարարը նշեց, որ այսուհետև հանքավայրերը տրամադրվելու են ամբողջ պաշարով: Դրանք չեն տրոհվելու տարբեր տնտեսավարողների միջև:

Օրենքի նախագծով նախատեսված են նաև մի շարք այլ փոփոխություններ և կարգավորումներ:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am