Սերբիայում COVID-19-ի դեմ միջոցառումների պատճառով բողոքի մասնակիցները ներխուժել են խորհրդարան

Armenpress 11:53, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս հուլիսի 8-ի գիշերը Բելգրադի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակներով նոր սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու պլանների մասին:

Կան ձերբակալվածներ ու վիրավորներ: Առավել արմատականորեն տրամադրված ցուցարարները հարձակվել են ոստիկանական պահպանաջոկատների վրա, կարողացել են թափանցել խորհրդականի շենքի սրահ, հրկիզել ոստիկանական երեք ավտոմեքենա եւ աղբի մի քանի կոնտեյներ:

Ոստիկանությունը կիրառել Է արտասվաբեր գազ եւ հատուկ այլ միջոցառումներ: ՆԳ նախարարության գնահատականներով՝ խորհրդարանի շենքի առջեւ հավաքվել Էր շուրջ 5 հազար մարդ, որոնց մի մասը՝ ընդդիմադիր ակտիվիստներ Դանիել Կնեժեւիչի եւ Սրջան Նոգոյի գլխավորությամբ, ճեղքել անցել են ոստիկանական պահպանաջոկատը եւ ներխուժել Սկուպշչինայի սրահ: Ավելի ուշ նրանց ձերաբակել են:

«Բողոքի մասնակիցների մի խումբ անընդունելի վարք Է դրսեւորել, որը կարելի Է որակել խուլիգանական, եւ հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք այնտեղ Էին գտնվում ծառայողական պարտականությունները կատարելիս, եւ նրանց վրա քարեր նետել»,-ոստիկանության տնօրեն Վլադիմիր Ռեբիչը հայտարարել Է ազգային հեռուստատեսության եթերում:

Որպես բողոքի ակցիաների կազմակերպիչներ հանդես են եկել մի խումբ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք բոյկոտ Էին հայտարարել հունիսի 21-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am